(Քահանայիս համեստ յարգանքի տուրքը՝ նորութիւններով)
Նիկիայի տիեզերական սուրբ ժողովը վաղ Եկեղեցու կարեւորագոյն իրադարձութիւն էր, որ գումարուել է Ք.ե. 325 թուականին Հռոմի կայսր Կոստանդին Ա.-ի կողմից: Այն Ընդհանրական, Առաքելական, միասնական Սուրբ Եկեղեցու առաջին էկումենիկ կամ համաշխարհային ժողովն էր որ տեղի է ունեցել Նիկիա քաղաքում (ժամանակակից Իզնիկ, Թուրքիա):
Ժողովի 1700-ամեակը յիշատակւում որպէս 325 թուականի Մայիսի 20-ը եւ փակուեց Յուլիսի առաջին շաբաթներին ըստ հինգերորդ դարու Եկեղեցու պատմաբան Սոկրատ Կոստանդուպոլսեցիի։
Ժողովի հիմնական նպատակն էր լուծել այն աստուածաբանական վէճերը, որոնք այդ ժամանակ բաժանում էին քրիստոնէական եկեղեցին, մասնաւորապես՝ Քրիստոսի բնոյթի և Որդւոյն Հօր Աստուծոյ հետ ունեցած յարաբերութեան, գոյացութեան մասին եւ ունենալ Եկեղեցւոյ դաւանական միասնութիւն։
Ժողովի գլխաւոր հարցը արիոսական վէճն էր, Աղեքսանդրիայից Արիոս քահանայի ուսմունքներից: Արիոսը որ նախապէս Լիբիայից էր, պնդում էր, որ Քրիստոսը՝ որպէս Որդին Աստուծոյ, ստեղծուել է Հօր կողմից, եւ հետևաբար նրա հետ համայաւիտենական չէ: Սա յանգեցրեց Սուրբ Երրորդութեան բնոյթի և Հօր Աստուծոյ և մարդեղացած Որդւոյն՝ Յիսուս Քրիստոսի միջեւ եղած յարաբերութեան վերաբերեալ կարեւոր աստուածաբանական բանավէճերի:
Նիկիոյ ժողովից շատ առաջ եղել են Եկեղեցու սուրբ հայրեր որոնք պաշտպանել են Որդին Աստուծոյ կամ Քրիստոսի աստուածային յաւիտենական բնոյթը, այլ ոչ թէ սովորական մահկանացու մարդ կամ ստեղծուած։ Անոնցմէ են.
Իգնատիոս Անտիոքացի հայրապետ (35-107),
Իրինէոս կամ Երանոս հայրապետ (130-200),
Տեղտուկիանոս հայրապետ (155-240)
եւ Կղեմէս Աղեքսանդրացին (150-215)։
Արիոսական վէճը առաջին անգամ ծագել է մօտաւորապես 318–322 թուականներին Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքում: Այն սկսուել է այն ժամանակ, երբ Արիոս սկսել է մեղադրել Աղեքսանդրիայի պատրիարք Աղեքսանդրին Քրիստոսի բնոյթի վերաբերեալ իր ուսմունքների համար թէ Որդին յաւիտենապէս ծնած է Հօրմէն, իսկ Արիոս կը պնդէր թէ Որդին աստուածային է բայց ստեղծուած է Հօրմէն: Արիոս նաեւ անտեղի կը մեղադրէր Աղեքսանդրին Սաբելական հերձուած ուսմունքներ տարածելու մէջ։
Արիոս պնդում էր, որ եթէ Հայրը ծնել է Որդուն, ապա Որդին պետք է սկիզբ ունենայ, ինչը ենթադրում է, որ եղել է մի ժամանակ, երբ Որդին գոյութիւն չի ունեցել: Այս տեսակէտը ենթադրում էր, որ Որդին ենթարկւում է Հօրը, մի դիրքորոշում՝ որը յայտնի դարձաւ որպէս Արիոսականութիւն:
Հակասութիւնը սրուեց յաջորդ մի քանի տարիների ընթացքում՝ յանգեցնելով Արեւելեան Հռոմէական կայսրութիւնում լայնածաւալ աստուածաբանական բանավէճերի: 325 թվականին Կոստանդիանոս կայսրը հրաւիրեց Նիկիայի Առաջին ժողովը՝ վէճը լուծելու համար:
Ալեքսանդրի և Արիոսի միջեւ աստուածաբանական վէճին զուգահեռ տեղի ունեցաւ Ալեքսանդրեան աթոռի Մելիտոնեան պառակտումը։ Լիկոպոլիսի եպիսկոպոս Մելիտիոսը Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ գործել էր Ալեքսանդրիոյ բանտարկուած եպիսկոպոս Պետրոս Ա.-ի փոխարեն, սակայն Պետրոսի մահից յետոյ՝ 311 թուականին, հրաժարուել է հրաժարուել հոգեւորականներ ձեռնադրելու կամ Պետրոսի յաջորդների՝ Աքիլլասի կամ Ալեքսանդրի իշխանութիւնը ճանաչելու իր իրաւունքից։
Կոստանդիանոս կայսր բազմաթիւ խնդիրների դիմաց էր կանգնած։ Նա 324-ին պարտութեան մատնելով Լիկինիոսին, դեռ նոր էր միացրել Դիոկղետիանոսի ժամանակներից Հռոմէական կայսրութեան բաժանուած չորրորդապետութիւնները, մի իշխանութեան տակ։ Հիմա կայսեր մտավախութիւնն էր, որ կայսրութիւնը կարող էր կրկին բաժան-բաժան մասերու վերածուելով կործանէր։ Եւ քանի որ նորազատեալ Քրիստոնէութիւնը աճող ազդեցութիւն եւ կարեւորագոյն դեր ունէր Հռոմէական կայսրութեան ուժեղացման եւ հաստատման գործում եւ երկրի ներսում։
Հետեւաբար Կոստանդիանոս կարեւոր դեր խաղաց ժողովի հրաւիրման գործում։ Նա ցանկանում էր միասնութիւն բերել համընդհանուր Եկեղեցու մէջ, նկատի ունենալով Եկեղեցու նշանակալի և աճող դերը բոլոր բնագաւառներում: Կոստանդինը աստուածաբան չէր եւ չէր մկրտուած, բայց ցանկանում էր ապահովել Եկեղեցական միասնութիւն: Նրա այդ ժողովին գործօն աջակցութիւնը նպաստեց նրա արժանաւորութեան եւ հեղինակութեան բարձրացման։
Ժողովի ծախսերը, այդ թւում եպիսկոպոսների ճանապարհորդութիւնը ցամաքով կամ ծովով, վճարուել են կայսերական գանձարանից: Ժամանակակից տեղեկութիւնները ցոյց են տալիս, որ ներկաների թիւը տատանւում էր 250-ից մինչև 300-ի միջեւ, իսկ աւանդաբար ընդունուած է դարձել Աթանասիոս Անտիոքացու կողմից նշված 318 թիւը:
Պէտք է յիշել որ այս թիւը յիշատակում էր մասնակից եպիսկոպոսների եւ հոգեւոր վիճակաւորների թիւը։ Նրանց ընկերակցում էին իրենց քահանաները, սարկաւագները, գրագիր դպիրները եւ ծառայողները։ Եպիսկոպոսների մեծ մասը արեւելան ծագում ունեցողներ էին, մօտ քսանը՝ Եգիպտոսից և Լիբիայից, եւս յիսունը՝ Պաղեստինից եւ Սիրիայից, իսկ հարիւրից աւելին՝ Փոքր Ասիայից։ Հինգ եպիսկոպոսներ մասնակցում էին արեւմուտքից։
Հայաստանից հրաւէր ունէր բազում տանջակիր եւ խոստովանող Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հայրապետը, բայց իր փոխարէն ժողովին ներկայ եղաւ իր որդին՝ Արիստակէս հայրապետը։
Ժողովը տեղի է ունեցել կայսերական պալատում, նստարանները շատ հաւանաբար պալատի պատերի ամբողջ երկայնքով էին։ Եպիսկոպոսները նստած էին դիմացի կարգով, նրանցից իւրաքանչիւրի ետեւում նստած էին նրանց քահանաները, սարկաւագները, գրագիրները եւ ծառաները։ Նիկիոյ կայսերական պալատում հաւաքուած բոլոր մասնակիցների թիւը տատանւում է 1200-ից մինչեւ 1900 մասնակիցների միջեւ։
Ժողովին հաւանաբար նախագահող եղել է Յովսիոս Կոդուբացի եպիսկոպոսը որ պատկառելի տարիքի եւ մեծայարգ հոգեւորական հայր էր, եւ խորհրդատու Կոստանդին կայսեր։ Ուղղափառ հաւատքի կարեւոր դէմքերէն էին, Աթանասիոս Աղեքսանդրացին (որ այդ օրերուն սարկաւագ էր), Մակարիոս Երուսաղէմացին, Եւստակիոս Անտիոքացին, Սպիրիտոն Տրիմիտուսացին (Կիպրոս), Նիկողայոս Զմիւռնացի հայրապետը, Մարկելոս Անկիւրացին, Պապնիտիոս Տեպեցին (Եգիպտոս), Յովհաննէս Արեւելցին (Պարսկաստան) եւ 200 այլ եպիսկոպոսներ։
Մի փոքր բացատրութիւն տանք ὁμοούσιον եւ ὁμοιουσιον բառերու աստուածաբանական տարբերութեանց միջեւ.
«Հոմոուսիոն» և «հոմոիոուսիոն» բառերը յունարէն տերմիններ են, որոնք նշանակալի դեր են խաղացել Նիկիայի Ս. ժողովի և Արիոսի վէճի ժամանակ աստուածաբանական բանավէճերում: Այս տերմինները կեդրոնանում են Հայր Աստծոյ և Յիսուս Քրիստոսի միջեւ եղած յարաբերությունները նկարագրելու համար։
Ահա երկուսի միջեւ եղած տարբերութիւնների բացատրութիւնը.
1. «Հոմոուսիոն» (ὁμοούσιον). նշանակում է «նոյն բնութիւնից» կամ «նոյն էութիւնից»։ Այս բառը հաստատում էր, որ Որդին եւ Հայրը նոյն էութիւնից կամ բնութիւնից են։ «Հոմոուսիոն» բառը հաստատում է, որ Յիսուս Քրիստոս որպէս մարդացեալ Որդին՝ լիովին աստուածային է, և Նրա բնոյթը նոյնական է Հայր Աստուծոյ հետ: Հետեւաբար, Որդին յաւերժապէս ծնուել է Հօրմէն, բայց ստեղծուած էակ չէ եւ ունի նոյն աստուածային էութիւնը, ինչ Հայրը, առանց ստորադասման։
Ահա օրինակ Նիկիական Հաւատոյ հանգանակից որ արտասանւում է ամէն Ս. Պատարագի ժամանակ. «Եւ (հաւատում ենք) ի մի Տէր՝ Յիսուս Քրիստոս, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ, միածին, այսինքն յԷութէնէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ՝ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր (հոմոուսիոն)։»
2. Հոմոիոուսիոն (ὁμοιουσιον). նշանակում է«նման էութիւնից» կամ «նման բնութիւնից»։ Այս բառը օգտագործուել է Արիոսի և նրա հետևորդների կողմից՝ նկարագրելու Հայր Աստուծոյ և Որդի Աստուծոյ միջեւ եղած յարաբերութիւնները։ Փոխանակ հաստատելու, որ Որդին նոյն էութիւնից է, ինչ Հայրը, «հոմոիոուսիոն» բառը ենթադրում է, որ Որդին նմանատիպ, բայց տարբեր էութիւնից է։ Այլ կերպ ասած, Որդին նման է Հօրը, բայց ոչ թէ նոյն բացարձակ էութեամբ։
«Հոմոիոուսիոն» բառի օգտագործումը նշանակում էր, որ Յիսուս Քրիստոս թէեւ աստուածային է, այնուամենայնիւ ստեղծուած էակ է, համայաւիտենական չէ եւ չունի Հայր Աստուծոյ լիարժէք, յաւերժական և անստեղծ էութիւնը եւ ստորադաս է Հօր Աստուծոյ։ Սա արիոսական հաւատամքի կորիզն էր։
Տիեզերական ժողովը դատապարտեց եւ նզովեց արիոսականութիւնը որպէս ուղղափառ հաւատքի հակառակող ընթացք։ Այդ ժողովին ընդունուած «իսկ որք ասեն էր երբեմն յորժամ ոչ էր Որդին...կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ» նզովքի բաժինը մինչեւ օրս կարդացւում է Հայց. Առաքելական Եկեղեցւոյ Ս. Պատարագի ընթացքին։
Ժողովը ընդունեց Նիկիական հաւատոյ հանգանակը որպէս քրիստոնէական հաւատքի յայտարարութիւն, որը բացայայտօրէն մերժում էր արիոսականութիւնը և հաստատում Յիսուս Քրիստոսի յաւերժական աստուածային լինելու դաւանութիւնը: Հաւատոյ հանգանակը նշում էր, որ Քրիստոսը «ծնուած է, այլ ոչ թե ստեղծուած, եւ Հօր հետ նոյն բնութիւնից է (homoousios)», այդպիսով հաստատելով Սուրբ Երրորդութեան ուղղափառ քրիստոնէական վարդապետութիւնը:
Մօտաւորապէս 220 եպիսկոպոսներ (պատմական, այլ ոչ աւանդական թիւով ներկայացող) ստորագրեցին ժողովի վերջնական բանաձեւի տակ, իսկ 15-20 եպիսկոպոսներ ընդդիմացան այդ ժողովին։ Արիոս եւ համախոհները, Թէոգնիս, Թէոնաս, Սեկունտուս, Զոֆիրուս, Մարիս եւ այլք դատապարտուեցին եւ աքսորուեցին Իլիրիա։
Ժողովը նաեւ որոշեց Ս. Զատկի հարցը լուծել եւ միաւորել արեւելեան եւ արեւմտեան սովորոյթները։ Եւ որպէսզի չնոյնականացուի Հրէական պասէքի տօնին հետ, ի մտի ունենալով ժամանակի հրէական օրացոյցի անկանոնութիւնը, ժողովը որոշեց Զատիկը տօնել գարնան գիշերահաւասարին յաջորդող, առաջին լիալուսնին յաջորդող կիրակի օրը։
Ժողովը հաստատեց նաեւ 20 կանոններ Եկեղեցու կեանքը կարգաւորող եւ միաձեւադրող։
Չնայած ժողովի որոշմանը, արիոսականութիւնը շարունակեց ազդեցութիւն ունենալ մի քանի տասնամեակ, ինչը յանգեցրեց յետագայ աստուածաբանական բանավէճերի և ժողովների յաջորդ տարիներին: Վէճը լիովին չլուծուեց մինչև 380 թուականի Թեսաղոնիկէի հրովարտակը, երբ Թէոդոսիոս Ա. կայսրը քրիստոնէութիւնը հռչակեց Հռոմէական կայսրութեան պաշտօնական պետական կրօնը և դատապարտեց արիոսականութիւնը որպէս հերետիկոսութիւն:
Լաս Վեգաս, Նեւադա
Մայիս 18, 2025
Տեր Սերոբ քահանա ԱԶԱՐՅԱՆ
Յ. Գ.
Բազմաթիւ այլ մանրամասնութիւններ կարող էի ներկայացնել, որոնք նախապէս որեւէ տեղ գրանցուած չեն եղել կամ ընդհանրացուել։ Բայց նիւթը ընթերցելի պահելու եւ շատ չերկարելու համար, այսքանով բաւարարուեցի։
Թող Սուրբ հայրերի յիշատակը մնայ յաւիտեան, եւ երկնքում եւ երկրի վրայ ամէն սրտի մէջ եւ բարեխօսեն մեզ՝ Զինուորեալ Եկեղեցւոյս համար։